Հայտնի թուրք հասարակական գործիչ, պրոֆեսոր Բասքըն Օրանը հյուրընկալվելով թուրքական Haberturk-ի «Խոսքը քեզ մոտ» ծրագրին, որի թեման եղել է ԱՄՆ-ի կողմից ընդունած հայկական բանաձեւը, քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ասելով. «2009-ի ապրիլին Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ Հայաստանի հետ կարգավորվում են հարաբերությունները, իսկ Էրդողանը` դրանից հետո գնաց Բաքու եւ խորհրդարանում հայտարարեց, որ առանց Ղարաբաղի „բռնազավթմանը“ վերջ դնելու Հայաստանի հետ սահմանը չենք բացելու: Բայց չէ, որ արձանագրություններում Ղարաբաղի մասին բան չկա: Ես այստեղ ոչ թե սովորական թուրք` այլ, որպես գիտնական կարող եմ խոսել: Այստեղ Հայաստանի մեղքը զրո է, իսկ Թուրքիայինը 1500: Այդ պատճառով էլ արձանագրությունները այս վիճակին են հասել»,-ասել է Բասքըն Օրանը:
NEWS.am-ը հիշեցնում է, որ Բասքըն Օրանը 2008-ի Թուրքիայում «Ներեցեք մեզ, հայեր» ինտերնետ ստորագրահավաքի կազմակերպիչներից էր:
Ի դեպ, Բասքըն Օրանի աղջիկը՝ Սրմա Օրանը Ֆրանսիայում կանաչների կուսակցությունից առաջադրվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածու։ Ֆրանսիական Վիլերբանի քաղաքապետ Ժան Պոլ Բրեթը Սրմայից հետաքրքվել է նրա դիրքորոշմամբ Հայոց ցեղասպանության կապակցությամբ։ Վերջինս հրաժարվել էր նույնիսկ Լիոնում տեղադրված Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի մոտ ի նշան հարգանքի կանգնել։ Ինչից հետո Սրման դիմել է դատարան, որ իր հանդեպ ազգային խտրականություն են ցուցաբերում։ Սակայն դատարանը պատժել է հենց Սրմային եւ նշանակել տուգանք 1500 եվրո։ Սրմա Օրանը կարծում է, որ վճիռը ամոթալի է եւ պատրաստվում է դիմել Եվրոպայի մարդու իրավունքների դատարան։



























