Սնոուդենը տիրապետում է կարեւոր գաղտնի փաստաթղթերի, որոնք մանրամասն տեղեկություններ են պարունակում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ներքին կարգի եւ աշխատանքների մասին: Նման հայտարարությամբ է հանդես եկել The Guardian-ի լրագրող Գլեն Գրինուոլդը, որի միջոցով Սնոուդենն ավելի վաղ կատարել է իր բացահայտումները:

Գրինուոլդի խոսքով` Սնոուդենի մոտ կան «շատ կարեւոր» փաստաթղթերի ֆոտոպատճեններ, որոնք մանրամասնորեն նկարագրում են ամերիկյան հատուկ ծառայությունների աշխատանքների կառուցվածքն ու մեթոդները: Այդ ֆոտոպատճենները Սնոուդենն արել է, որպեսզի ապացույցներ ունենա: Սակայն Սնոուդենը չի ցանկանում հրապարակել այդ փաստաթղթերը, քանի որ «ցանկացած մարդ, ով կտեսնի դրանք, կկարողանա ներխուժել ԱԱԳ գաղտնալսման համակարգ եւ նույնիսկ վերարտադրել այն»:

Ընդ որում, լրագրողը կարծիք է հայտնել, որ ֆոտոպատճենները ամերիկացիների անվտանգության համար սպառնալիք չեն հանդիսանում, սակայն կարող են վնասել ԱՄՆ իշխանություններին, հաղորդում է «Lenta.Ru»-ն` վկայակոչելով Associated Pres-ը:

Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը հունիսի 23-ից գտնվում է մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանի տարանցիկ գոտում: ԱՄՆ-ում նա մեղադրվում է գաղտնալսման ծրագրերի մասին գաղտնի տեղեկություններ հրապարակելու մեջ: