ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան խուսափել է պատասխանել Ադրբեջանում ընդդիմադիր լրագրողներին հետապնդելու վերաբերյալ հարցին:

Հուլիսի 15-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահին հարցրել են այն մասին, որ Ադրբեջանում իշխանություններին ոչ լոյալ լրատվամիջոցները հետապնդումների են ենթարկվում, եւ արդյոք մտադի՞ր է Ուկրաինան որեւէ բան ձեռնարկել իրավիճակը փոխելու համար: Ի պատասխան Կոժարան հայտնել է, որ օրերս Բաքվում էր: «Մեր նախագահությունը ողջունել է Ադրբեջանի` ընտրություններին օտարերկրյա դիտորդներ հրավիրելու որոշումը: Մենք նաեւ քննարկել ենք Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակին վերաբերող հարցեր: Ուկրաինան որպես երկիր, որը նախագահում է կազմակերպությունում, համարում է, որ յուրաքանչյուր պետության սուվերեն իրավունքն է ընտրել միջազգային կազմակերպություններում ներկայացուցչությունների ձեւաչափը: Սակայն համարում ենք նաեւ, որ ԵԱՀԿ-ում պետք է թիմային խաղ լինի: Մենք բոլորս այդ կազմակերպության անդամներ ենք այն պատճառով, որ ընդհանուր հայացքներ ունենք կազմակերպության որոշակի հիմնարար սկզբունքների եւ մեր հանրությունների, պետությունների գործառնման նկատմամբ: Այդ պատճառով էլ ողջունել ենք Ադրբեջանի` կայանալիք ընտրությունների նկատմամբ բաց վերաբերմունքը: Կարծում եմ, որ ԵԱՀԿ առաքելությունը կժամանի այնտեղ եւ բավականին ակտիվ դիրք կգրավի»,-հայտարարել է Կոժարան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները նախատեսվում են հոկտեմբերի կեսին: