Հայաստանն աջակցում է ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահությանն ու առաջնահերթություններին: Այս մասին, հուլիսի 15-ին, Երեւանում, ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Խոսելով երկու երկրների հարաբերությունների մասին` նախարարն ընդգծել է, որ չնայած ընդհանուր սկզբունքների բացակայությանը, երկու ժողովուրդներին միավորում են բազմաթիվ բարեկամական կապեր: «Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Ուկրաինայի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը»,-ընդգծել է ԱԳ նախարարը: Այս հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային հարցերին, ԵԱՀԿ գործունեությանն ու Ուկրաինայի առաջնահերթություններին` կազմակերպությունում նախագահելու ընթացքում եւ մի շարք այլ հարցեր:
Իր հերթին Լեոնիդ Կոժարան ընդգծել է, որ Երեւանում է երկու կարգավիճակում` որպես ԵԱՀԿ գործող նախագահ եւ Ուկրաինայի ԱԳ նախարար, ինչով էլ պայմանավորված է հանդիպման հանգեցած օրակարգը: «Օրակարգը հագեցած է, սակայն հեռանկարներն էլ շատ են»,-ընդգծել է Կոժարան:
Սա կես տարվա ընթացքում Նալբանդյանի եւ Կոժարայի արդեն երրորդ հանդիպումն է: Բանակցությունները կշարունակվեն աշխատանքային նախաճաշի ընթացքում:





























