Իտալացի սենատոր Ռոբերտո Կալդերոլին ներողություն է խնդրել իր համեմատության համար, երբ երկրի կառավարության սեւամորթ անդամին համեմատել է օրանգուտանգի հետ:

Ավելի վաղ Կալդերոլին հայտարարել էր, որ ինտեգրացիայի հարցերով նախարար Սեսիլ Կյենգեի հաջող գործունեությունը նպաստում է «ապօրինի ներգաղթյալների»` դեպի Իտալիա հոսքի ավելացմանը: Այդ ընթացքում նա երկրի պատմության մեջ առաջին սեւամորթ կին նախարարին համեմատել է օրանգուտանգի հետ: «Ես սիրում եմ կենդանիներին` արջերին ու գայլերին: Այդ մասին բոլորը գիտեն: Սակայն երբ տեսնում եմ Կյենգեին, չեմ կարող ասել, որ նա օրանգուտանգ է, սակայն հիշեցնում է վեջինիս»,- իր ելույթում ասել է Կալդերոլին: Քաղաքական գործիչը նաեւ հավելել է, որ Կյենգեն պետք է «իր սեփական երկրի» նախարարը լիներ, հաղորդում է «Էխո Մոսկվին»:

Կալդերոլիի հայտարարությունը քննադատության է արժանացել նրա գործընկերների, լրատվամիջոցների եւ հանրության կողմից: Սկզբում նա միայն ձեւական ներողություն է խնդրել` ասելով, որ իր արտահայտություններն ավելի լայն բանավեճի մի մասն են կազմել եւ նվիրված են եղել ներգաղթին: Ավելի ուշ նա հաղորդել է, որ անձամբ զանգահարել է Կյենգեին` ներողություն խնդրելու:

Սեսիլ Կյենգեն Իտալիայի քաղաքացի է, ով ծնվել է Կոնգոյի Ժողովրդավարական հանրապետությունում: Նա իտալիայում է բնակվում է 1983 թվականից: