Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հուլիսի 18-19-ին կայցելի Լիտվա եւ Լեհաստան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Դավիթ Զալկալիանին:

«Վարչապետը կպատմի այն երեք գործընթացների մասին, որոնք ընթանում են երկրում, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես ենք մենք պատրաստվում Վիլնյուսի գագաթաժողովին («Արեւելյան գործընկերության»): Բիձինա Իվանիշվիլին կհանդիպի Լիտվայի նախագահին, վարչապետին, խորհրդարանի նախագահին եւ հանդես կգա Լիտվայի Եվրոպական ակումբում: Հուլիսի 18-ին Վրաստանի վարչապետը կշարունակի այցելությունը Լեհաստանում, որտեղ կհանդիպի իր լեհ գործընկերոջ հետ»,-ասել է Զալկալիանին, հաղորդում է «Գռուզիա Online»-ը:

Նա նաեւ հայտնել է, որ Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, գլխավոր դատախազ Արչիլ Կբիլաշվիլին եւ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հուլիսի 16-ին կայցելեն ԱՄՆ: Փանջիկիձեն կմասնակցի տասնյակ հանդիպումների եւ ելույթներ կունենա տարբեր հասարակական կազմակերպություններում եւ հետազոտական կենտրոններում:

Զալկալիանիի խոսքով՝ վրացական պատվիրակությունը ամերիկյան կողմին ամբողջական տեղեկատվություն կներկայացնի երկրում ընթացող քաղաքական գործընթացների եւ այն ներդրման վերաբերյալ, որը Վրաստանը բերում է անվտանգության ընդհանուր գործին: