Նախօրեին Ֆրանսիա ժամանած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Matignon» պատկերասրահ, որտեղ համաշխարհային հռչակ վայելող հայազգի նկարիչ Ժանսեմի ուղեկցությամբ ծանոթացել է նրա ստեղծագործություններին:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է վարպետին 90-ամյակի կապակցությամբ եւ նրան հանձնել Փառքի շքանշանը:
Ընթերցվել է նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-ի ուղերձը նկարչին, որում կաթողիկոսը շնորհավորել է Ժանսեմին:
Ինչպես նշել է Ժանսեմը, ինքը միշտ սրտի թրթիռով է այցելում Հայաստան, եւ հպարտ է, որ հայ է: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, թե իրեն անհանգստացնում է հանգամանքը, որ իր որդիներն ու թոռները հայերեն չգիտեն:
«Այդ դեպքում ի՞նչ հայեր են նրանք»,- ափսոսանքով նշել է նկարիչը: Ի պատասխան նախագահը նկատել է, թե հայ է նա, ում մեջ ապրում է հայկական ոգին, իսկ արտերկրում հայերենը զարգացնելու համար ստեղծվել է սփյուռքի նախարարությունը: Նշենք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում է գերատեսչության ղեկավար Հրանուշ Հակոբյանը: Նա Ժանսեմին է հանձնել նախարարության պատվոգիրը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի գլխավորած հայկական պատվիրակությունն երեկ եռօրյա այցով մեկնել է Ֆրանսիա: Պատվիրակության կազմում են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Հայաստան-Ֆրանսիա» պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը: Մարտի 10-ին Ելիսեյան պալատում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ, որի ընթացքում քննարկվելու են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը եւ հայ-թուրքական գործընթացը:



























