Չինաստանում ձերբակալվել են GlaxoSmithKline դեղագործական ընկերության չինական ստորաբաժանման չորս թոփ մենեջերներ` «տնտեսական լուրջ հանցագործությունների» մեղադրանքով:

Ձերբակալվել են Investment Co. -ի փոխնախագահ եւ GSK-ի (China) գործերի կառավարիչ   Լյան Հուան,  կադրերի պատասխանատու փոխնախագահ Չժան Գովեյը, ընկերության իրավաբանական բաժնի ղեկավար Չժաո Հունյանը եւ բիզնեսի զարգացման բաժնի ղեկավար Հուան Հունը:

Լյան Հուան պատմել է, որ իր իրավասության ներքո է եղել  մի քանի հարյուր միլիոն յուանի բյուջե (տասնյակ միլիոն դոլարներ)` պետական պաշտոնյաների եւ բժշկական փորձագետների հետ «կապեր պահելու համար»: Ըստ գնահատականների` կաշառքի գումարը կարող է կազմել  դեղորայքի արժեքի 20-30%-ը: Ըստ Լյան Հուայի` 30 յուան արժողությամբ դեղորայքի վերջնական գինը   կարող է հասցված լինել մինչեւ 300 յուանի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Կաշառքների մեծամասնությունը տրվել է զբոսաշրջային ծառայությունների տեսքով, այդ թվում նաեւ` «սեքս տուրիզմ» ծառայությունների: Այդ հանցագործություններում կասկածյալ զբոսաշրջային ընկերություններից մեկի նկատմամբ եւս քննություն է սկսվել: