Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրությանը ներկայացրել է երկրի գլխավոր փոստային նամականիշը՝ Ֆրանսիական հանրապետության նորացված խորհրդանշանով՝ Մարիաննայով: Կերպարի ստեղծման նախատիպը FEMEN շարժման առաջնորդ Իննա Շեւչենկոն է, ով քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայում:
Ֆրանսիայի նախագահը հաղթողին ընտրել է 15 տարբերակներից: «Երիտասարդությունն իմ նախագահության առաջնահերթություններից է եւ այս նամականիշը հաստատում է դա»,-ասել է պետության ղեկավարը:
«Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են իմանալ, թե ով է Մարիաննայի մոդելը, ասեմ, որ դա կանացի հավաքական կերպար է, սակայն առանցքային դեր ունի Իննա Շեւչենկոն՝ FEMEN-ի հիմնադիրը»,-գրել է լուսանկարիչ Սիապպան Twitter-ի իր միկրոբլոգում: Վերջինս ակտիվորեն պայքարում է նույնասեռականների իրավունքների համար: Հունիսին նրա ֆոտոցուցահանդեսը երկու անգամ հարձակման է ենթարկվել վանդալների կողմից, հաղորդում է NEWSru.com-ը:
Մարիաննան Ֆրանսիայի ազգային խորհրդանիշ է դարձել 1792թ եւ մարմնավորում է «Ազատություն, Հավասարություն եւ Եղբայրություն» կարգախոսը: Ավանդության համաձայն՝ Մարիաննայի կերպարն ընտրում է Ֆրանսիայի նախագահը:





























