Մոլդովայում Աուրելիա Գրիգորիուի հայտարարություններին շատ կտրուկ են արձագանքելն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Մոլդովայի մեր գործընկերները իրավիճակը հասկանում են առավելագույնս համարժեքորեն եւ լրիվ անտեղի էր նրանց բացատրել Գրիգորիուի արտահայտությունների անտեղի լինելը: Բոլորն ամեն ինչ հրաշալի հասկանում են: Մեր հարեւան երկրի խավիարային դիվանագիտության մանրամասների մեջ չեմ մտնի եւ անձերի վերաբերյալ խոցելի ակնարկներ չեմ անի, քանի որ ծաղրը երկխոսության ամենաարդյունավետ միջոցը չէ: Այդուհանդերձ, այդ արտահայտություններն անվանել են տնային տնտեսուհու խոսքեր»,-ասել է Իսկանդարյանը:
Միաժամանակ, ըստ նրա, կտրուկ գնահատականներ հնչել են Մոլդովայի բոլոր քաղաքական ճամբարներից, այդ թվում՝ կոմունիստներից, որոնք իրենց ժամանակին առաջադրել էին Գրիգորիուի թեկնածությունը խորհրդարանական փաստաբանի պաշտոնում:
«Դժվար թե Գրիգորիւի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցվեն. Նախ, Մոլդովայի խորհրդարանը հիմա արձակուրդում է, երկրորդ՝ նման որոշման համար անհրաժեշտ է խորհրդարանի ձայների առնվազն 3/4-ը: Հաշվի առնելով Մոլդովայի խորհրդարանում ուժերի դասավորվածությունը, դա շատ դժվար կլինի անել, սակայն ինձ վստահեցրել են, որ Գրիգորիուի վերընտրությունն այդ պաշտոնում քիչ հավանական է»,-հավելել է Իսկանդարյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, մոլդովացի խորհրդարանական իրավապաշտպան Աուրելիա Գրիգորիուն Երեւանում ընթացող միջազգային կոնֆերանսում հայտնել էր, որ «Հայաստանը զավթել է Ադրբեջանի տարածքի 20%-ը եւ ցեղասպանություն իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ»: Այս հայտարարությունն առաջացրել էր բացասական արձագանք ինչպես Հայաստանում, այնպես էլ Մոլդովայում, որտեղ քաղաքացիական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ քաղաքական գործիչներ դատապարտել էին այդ ելույթը՝ այն գնահատելով որպես սադրիչ, ուղղված իրադրությունը սրելուն: Մոլդովայի հայ համայնքը հայտնել էր խորհրդարանից պաշտոնապես Աուրելիա Գրիգորիուի հրաժարականը պահանջելու մտադրության մասին:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























