Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը հանդիպումներ է ունեցել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ հանդիպման ժամանակ Ռումինիայի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ երկկողմ կապերի զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն ուղղված գործունեության համար: Զրուցակիցները երկուստեք համոզմունք են հայտնել, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` այս տարի ծրագրվող պաշտոնական այցը Ռումինիա մեծապես կնպաստի հայ-ռումինական համագործակցության հետագա զարգացմանը:

Նախագահ Բասեսկուի խնդրանքով դեսպան Սարգսյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի լուծման գործընթացի վերջին զարգացումները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:

Սենատի նախագահ Միրչեա Ջեոանայի հետ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են միջխորհրդարանական կապերի կարեւորությունը երկկողմ հարաբերություններում, եւ խոսվել է հնարավոր նոր ծրագրերի մասին: Ռումինիայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Դանիելի հետ ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանի հրաժեշտի հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են հայ եւ ռումին քույր եկեղեցիների միջեւ ավանդական կապերի եւ դրանց հեռանկարների վերաբերյալ: