Ադրբեջանը հերթական անգամ ջուրը չտեսած արդեն բոբիկանում է: Մասնավորապես, Ադրբեջանի փոխվարչապետ, փախստականների ու բռնի տեղահանվածների հարցերով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ադրբեջանցի փախստականների իրենց բնակության նախկին վայրերը վերադարձի գործընթացին, որը կհետեւի ԼՂ խնդրի կարգավորման խաղաղ պայմանագրի ստորագրմանը: «Վերջին ժամանակներս, քաղաքական տեսանկյունից ԼՂ խնդրով բանակցությունները ակտիվացել են: Արդեն զգացվում է, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա եւ մենք բոլորս սպասում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- այսօր լրագրողներին հայտնել է Ալի Հասանովը, տեղեկացնելով, որ դեռեւս մեկ տարի առաջ իրենք ավարտել են «վերադարձի ծրագրի» մշակման աշխատանքները, որը «համաձայնեցվել է միջազգային կազմակերպությունների, դեսպանատների, միջազգային ֆինանսական կառույցների, բոլոր նախարարությունների ու կոմիտեների հետ»:

Հասանովը նշում է, որ ըստ այդ ծրագրի, առաջին փուլում վերադարձը կսկսվի մեկ ուղղությամբ, հետո աստիճանաբար կբնակեցվեն նաեւ այլ տարածքներ: Նա նաեւ հավելել է, որ փախստականների վերադարձման գործընթացն սկսելու հարցում իրենք որեւէ խնդիր չունեն եւ սպասում են խաղաղության պայմանագրի ստորագրմանը: