Ծովային գիշատիչը հարձակվել է ֆրանսիացի երիտասարդ մարզուհու վրա Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն կղզում: Ողբերգական միջադեպը տեղի է ունեցել կղզու արեւմտյան հատվածում:

5 մետրանոց շնաձուկը հարձակվել է սերֆինգիստուհու վրա, ով ափից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվել: Երիտասարդ աղջիկը մարզվել է սուրբ Պողոսի ծովախորշում, երբ գիշատիչը հարձակում է գործել, հաղորդում է Lifenews.ru-ն:

Նա անգամ չի հասցրել օգնության կանչել: Ականատեսների վկայությամբ՝ գիշատիչը գրեթե երկու կես է արել աղջկա մարմինը: Նրա մարմնի վերին մասը ջրից դուրս են հանել փրկարարները:

Սա այս շրջանում մարդկանց վրա շնաձկների հարձակման առաջին դեպքը չէ: Ավելի վաղ գիշատիչներն արդեն հարձակվել են լողորդների եւ սերֆինգիստների վրա՝ սպանելով կամ լուրջ վնասվածքներ պատճառելով: Այս տարվա մայիսին շնաձկների վերջին զոհն է դարձել 36-ամյա ֆրանսիացի լողորդը: