Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 15-ին ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի եւ Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը մեր երկրում, որի անդամներից յուրաքանչյուրը, Նախագահի խոսքով, իր նշանակալի ներդրումն ունի հայ-ավստրալիական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ Ավստրալիայում Հայաստանի համար կենսական հարցերի ներկայացման եւ առաջմղման գործում: Հանրապետության նախագահը կարեւորել է նման այցելությունները, որոնք լավագույն հնարավորությունն են տեղում ծանոթանալու Հայաստանում եւ տարածաշրջանում առկա զարգացումներին, ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները, անմիջականորեն շփվելու գործընկերների հետ, ինչպես նաեւ հաղորդակից լինելու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ հայ-ավստրալիական միջպետական կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության եւ ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման գործում ակտիվ ու հետեւողական գործունեության համար:
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է նաեւ ավստրալահայ փոքրաթիվ, բայց երկրի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ազդեցություն ունեցող, բավականին կազմակերպված համայնքի դերը: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական ձեւաչափով եւ միջազգային հարթակներում եւս Հայաստանի ու Ավստրալիայի միջեւ ակտիվացող համագործակցությունը:
Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդին նշել է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը բազմակուսակցական է, եւ իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են խորհրդարանի բոլոր ուժերը, հետեւաբար՝ ամբողջ խորհրդարանի անունից լիազորված է վերահաստատելու բոլոր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու եւ խորացնելու Ավստրալիայի ցանկությունն ու պատրաստակամությունը:




























