Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 15-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Լեոնիդ Կոժարային:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով հյուրին, ԱԺ նախագահը կարեւոր է համարել ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկասի երկրներ եւ նշեց, որ այն լավ հնարավորություն է տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության ժամանակահատվածում կձեռնարկվեն տարածաշրջանում խաղաղ գոյակցության եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտ քայլեր: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ համագործակցությունը եւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հետ արդյունավետ համագործակցությունը:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը: «Ուզում եմ հատկապես ընդգծել, որ ի տարբերություն Ադրբեջանի, որն անընդհատ փորձեր է ձեռնարկում հակամարտության կարգավորման հարցը տեղափոխել միջազգային այլ կազմակերպություններ եւ հանդես է գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխությամբ, Հայաստանը անշեղորեն պաշտպանել եւ շարունակում է պաշտպանել բանակցային ներկայիս ձեւաչափը՝ որպես հակամարտության կարգավորման միակ եւ գործուն ձեւաչափ», - ասել է ԱԺ նախագահը: Նրա խոսքով` Հայաստանը պահպանում է տարածաշրջանային համագործակցության սկզբունքները հնարավոր բոլոր ոլորտներում, խորացնում վստահության ամրապնդման միջոցները եւ մշտապես կողմ է եղել լիարժեք եւ փոխշահավետ տարածաշրջանային տնտեսական համագործակցությանըª այն դիտարկելով որպես փախվստահության մթնոլորտի ստեղծման կարեւոր նախադրյալ:
Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-ուկրաինական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը եւ կարեւորեց միջխորհրդարանական կապերի խորացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ փոխգործակցության զարգացումը տնտեսության, գիտության, կրթության եւ այլ ոլորտներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան բարձր է գնահատել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը եւ Հայաստանի ակտիվ ներգարվվածությունը կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների լուծման գործում: Ուկրաինայի արտգործնախարարը կարեւորեց Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ քաղաքական, տնտեսական կապերի, միջխորհրդարանական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը:
Կարեւորելով տարածաշրջանի անվտանգությունը եւ խաղաղությունը` Իվան Կոժարան այս համատեքստում նշել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով եւ շեշտեց, որ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը: Հիմնախնդրի կարգավորման հարցում նա անհրաժեշտ համարեց նաեւ հասարակությունների միջեւ շփումների ակտիվացումը, որի ուղղությամբ Ուկրաինան, որպես նախագահող երկիր, մտադիր է ձեռնարկել մի շարք քայլեր:
Անդրադառնալով Եվրոպայում սովորական սպառազինությունների վերահսկման խնդրին` կողմերը կարեւորել են Պայմանագրի շուրջ բանակցությունների վերսկսումը:
Հանդիպմանը քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:




























