Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը հայտարարել է, թե չի պատրաստվում հրաժարական տալ, գրում է El Mundo պարբերականը:
Վարչապետը նշել է, թե «կատարելու է իսպանացիների տված մանդատը»: Նա հավելել է, որ իշխանության տարբեր օղակներ, որ պատասխանատու են կոռուպցիայի գործով հետաքննության համար, շարունակում են գործել ինքնուրույն եւ անկախ:
Ավելի վաղ հրաժարականի կոչով Ռահոյին դիմել էր ընդդիմադիր Սոցիալիստական աշխատանքային կուսակցության ղեկավար Ալֆրեդո Պերես Ռուբալկաբան: Պատճառը El Mundo-ի կողմից վարչապետի եւ նրա մտերիմ, իշխող Ժողովրդական կուսակցության գանձապահ Լուիս Բարսենասի նամակագրության հրապարակումն է: Ներկայումս բարսենասը ձերբակալված է եւ մեղադրվում է ֆինանսական չարաշահումների մեջ: Հաղորդագրության մեջ Ռահոյը արդեն քննության տակ գտնվող բարսենասին աջակցում եւ խորհուրդ է տալիս չմտահոգվել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Բարսենասը թերթին հարցազրույց էր տվել եւ պատմել կուսակցության մութ գործարքների մասին: Ըստ նրա փաստաթղթերի, Ռահոյը նախարար եղած ժամանակ 1997թ. Ստացել է 7 մլն պեսետա, 1998թ.՝ 4,2 մլն, իսկ 1999թ.՝ 4,2 մլն: Ընդ որում, 1995թ. Օրենքն արգելում է կառավարության անդամներին լրացուցիչ եկամուտներ ստանալ:





























