Ներքաղաքական «խայտառակ» իրավիճակի եւ իշխանության «գործած հանցագործությունների» վերաբերյալ ՀԱԿ-ի վերջին հայտարարությունը գալիս է ապացուցելու, որ Տեր-Պետրոսյանն ու քաղաքականության բնագավառում նրա «գործերի կառավարիչ» Լեւոն Զուրաբյանը ջրի երեսին մնալու կամ ավելի ճիշտ` «ներկա ստանալու» խնդիր են լուծում: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Տարօրինակ է նաեւ, որ հայտարարությունը տարածվում է ԱԺ ՀԱԿ խմբակցության անունից, քանզի ՀԱԿ կուսակցությունների դաշինքի կողմից խորհրդարան գործուղված խմբակցությունը կա միայն թղթի վրա, իսկ իրական կյանքում ՀԱԿ պատգամավորները բավական կոպիտ պայքար են մղում միմյանց դեմ: Հիշենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է, ինչ «чужой среди своих» կարգավիճակում են` գործելով ինքնուրույնաբար եւ բացահայտ կերպով մերժելով Տեր-Պետրոսյան-Զուրաբյան խմբավորման քաղաքական գիծը:

Գործը հասել է անգամ նրան, որ Լեւոն Զուրաբյանի շրջապատը հրապարակայնորեն մեղադրում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունների հետ համագործակցելու եւ «հեղափոխության իդեալներին» դավաճանելու համար։

Առնվազն փորձագետների համար պարզ է, որ Լեւոն Զուրաբյանն այլեւս չի կարողանալու ոչ միայն համախմբել ընդդիմադիր դաշտը, այլեւ փոքրիշատե կենսունակության նշույլներ ցույց տալ: «Բուրժուադեմոկրատներն» այն աստիճանի վարկաբեկվեցին, որ այլեւս դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ ընդդիմությունը կհամախմբվի Տեր-Պետրոսյանի կամ Զուրաբյանի շուրջը: Մնում է սպասել ՀԱԿ-ի վերջնական կործանմանը»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):