Մեքսիկայի իշխանությունները հայտնել են «Սետաս» թմրակարտելի առաջնորդ Միգել Անխել Տրեւինիոյի ձերբակալման մասին: Նրան ձերբակալել են ԱՄՆ-ի սահմանի Նուեւո Լարեդո քաղաքում: Թմրաբարոնի հետ ձերբակալվել է եւս երկու մարդ, հայտնում է Agence France-Presse-ը:
Associated Press-ը մանրամասնում է, որ Տրեւինիոն կասկածվում է խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաեւ տասնյակ մեքսիկացիների եւ Կենտրոնական Ամերիկայից ներգաղթածների սպանության մեջ, հաղորդում է lenta.ru-ն:
The New York Times-ը գրում է, որ գործողությունն անցել է առանց կրակոցի: ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում որոնվող Z-40 մականվամբ հանցագործի մոտ խուզարկության ժամանակ 2 միլիոն դոլար են հայտնաբերել:
Ըստ առկա տեղեկությունների` «Սետասի» ներկայացուցիչները նոր անդամներ են հավաքագրում Թեքսաս նահանգում եւ փողեր յուրացնում ԱՄՆ-ի տարածքում: ԱՄՆ-ի իշխանությունները 5 միլիոն դոլար էին առաջարկում այն տեղեկության համար, որը կօգներ բռնել Մորալեսին:
Gazeta.ru-ն նշում է, որ «Սետասը» հայտնի է իր դաժանությամբ, խմբավորման անդամները բազմիցս գլխատել են իրենց զոհերին, մարմինները կախել կամուրջներից կամ մարմնի մասերը նետել մայրուղիներին:



























