Պաշտպանությունը չի բողոքարկելու ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի կալանավորման վերաբերյալ Մոսկվայի Տվերի դատարանի վճիռը։ Հարությունյանը «Նոր Մոսկվայի» տարածքում 18 մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի մեղավորն է համարվում:
Ըստ փաստաբանների` վթարի պատճառ է դարձել ԿԱՄԱԶ-ի անսարքությունը, դրա շահագործումն արգելված է եղել: «Տվյալ տրանսպորտային միջոցը երեք տարբեր մեքենաներից էր հավաքվել, դրա շահագործումն արգելված էր, բայց դրա սեփականատեր ընկերությունից Հարությունյանին հանձնարարել են հենց այդ մեքենայով տեղափոխել խիճը։ Իսկ վարորդի պարտականությունների մեջ չէր մտնում մեքենայի տեխնիկական վիճակին հետեւելը, դրանով պետք է զբաղվեր ընկերության ղեկավարությունը։
Այս վարկածը հնչեցրել է փաստաբան Չաբանովը, հավելելով, որ վթարի պատճառ կարող էր դառնալ արգելակների խափանումը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Փաստաբանը հայտնել է, որ առաջիկա երկու ամսում պաշտպանությունը մտադիր է զբաղվել տվյալ վարկածն ապացուցելով, ինչպես նաեւ պետք է գտնի այն ընկերությանը, որտեղ աշխատում էր Հարությունյանը, եւ որն էլ շահագործում էր անսարք մեքենան:
«Հարությունյանը չի կարողանում ասել, թե որ ընկերությունում է աշխատել, սակայն առանց այդ էլ այստեղ բազմաթիվ հարցեր են ծագում, թե ում է պատկանել այդ մեքենան, որը հաշվառումից հանված է եղել, եւ ինչ հիմունքով է այն շահագործման ենթարկվել», - ասել է պաշտպանը: Փաստաբանը պաշտոնապես չգիտի կազմակերպության անվանումը, իսկ ոչ պաշտոնապես խոսքը «Ստրոյավտոսերվիս» ընկերության մասին է:
Հրաչյա Հարությունյանը այսօր Մոսկվայի Տվերի դատարան էր տեղափոխվել անմիջապես 20-րդ հիվանդանոցից` հիվանդանոցային ծաղկավոր խալաթով:
Հրաչյա Հարությունյանին դատարան են տարել կանացի խալաթով
Նիստին նա ոչինչ չի ասել, միայն դատավորին թարգմանչի միջոցով խնդրել է չձերբակալել իրեն: Դատավճիռը կարդալուց հետո մեղադրյալին կրկին հիվանդանոց են տարել, որտեղից նա տեղափոխվելու է քննչական մեկուսարանի բուժկետ: Ըստ բժիշկների` Հարությունյանը վթարի հետեւանքով տարբեր վնասվածքներ է ստացել, ադ թվում` ձեռքի կոտրվածք, կրծքավանդակի բութ հարված, զանազան վերքեր:
Նրա փաստաբանն ավելի ուշ հայտնել է, որ Հարությունյանը Մոսկվա էր եկել միայն երկու ամիս առաջ: Իսկ ԿԱՄԱԶ-ի ղեկին նստել էր միայն երրորդ անգամ: Հարությունյանը կալանքի տակ կմնա մինչեւ սեպտեմբերի 14-ը:
Վթարը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին` «Նոր Մոսկվայի» տարածքում: Ուղեւորատար ավտոբուսի եւ ԿԱՄԱԶ-ի բախման հետեւանքով զոհվել էր 18 մարդ, 60-ը վիրավորվել էին:




























