Գանձ որոնողները 48 ոսկեդրամներ են գտել ԱՄՆ Ֆլորիդայի ափամերձ շրջանում: Դրանք գնահատվում են մոտ 250 հազար դոլար:

Գտածոն հայտնաբերել են մոտավորապես այնտեղ, որտեղ 1715թ փոթորկի արդյունքում կործանվել են ոսկով բեռնավորված 11 իսպանական նավեր, որոնք վերադառնում էին Կուբայից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Գրեթե ամեն շաբաթ օր մենք դուրս ենք գալիս ծով՝ որոնելու խորտակված գանձերը, սակայն որպես կանոն, հիմնականում գտնում ենք տարաբնույթ աղբ: Վերջապես բախտը ժպտաց մեզ»,-պատմել է Գրեգ Բաունդսը, ով այն նավի կապիտանն է, որի անձնակազմը հայտնաբերել է ոսկեդրամները:

Քանի որ Ֆլորիդայի նահանգն իրավունք ունի ստանալու իր ափերի մոտ հայտնաբերված գանձերի արժեքի 20 տոկոսը, ապա, ինչպես սպասվում է, ոսկեդրամների մի մասը կցուցադրվի թանգարանային հավաքածուի շրջանակներում եւ հասանելի կլինի հանրությանը: