Երեւանի բյուջեն 2013 թ. առաջին կիսամյակում ստացել է 25.1 մլրդ դրամի եկամուտ, տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքը: Նախորդ տարվա առաջին կիսամյակի փաստացի եկամուտների համեմատ սա ավելի է մոտ 2 մլրդ դրամով (8.6%-ով), սակայն հարկ է նկատի ունանալ, որ կիսամյակի պլանը գտնվում է մոտ 30 մլրդ դրամի սահմաններում:

Երեւանի բյուջեի եկամուտների 21.3%-ը ստացվել է հարկերից ու տուրքերից` 5.4 մլրդ դրամի չափով: Ընդ որում` անշարժ գույքի գույքահարկը կազմել է 2.1 մլրդ դրամ, ավտոմեքենաների գույքահարկը` 1.7 մլրդ դրամ: Մոտ 1.4 մլրդ դրամ Երեւանի բյուջեն ստացել է թույլտվության վճարներից:

Երեւանի բյուջեի եկամտի ամենամեծ աղբյուրը պաշտոնական դրամաշնորհներն են (դոտացիա եւ սուբվենցիա պետական բյուջեից)` 8.6 մլրդ դրամ, կամ ընդհանուրի 34.2%-ը:

Երեւանի բյուջեի «այլ եկամուտներ» բաժինը կազմում է 11.1 մլրդ դրամ կամ ընդհանուրի 44.2%-ը: Այս միջոցները հիմնականում ձեւավորվում են պատվիրակված լիազորությունների համար պետական բյուջեից տրվող միջոցներից:

Այսպիսով` սեփական եկամուտները կազմում են Երեւանի բյուջեի մոտ 22%-ը, մնացածը պետական բյուջեից հատկացումներ են: