Հայաստանի եւ Լեհաստանի կառավարությունները ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն: ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկով` համաձայնագրին համաձայնություն տալու հարցը ներառված է ՀՀ կառավարության հուլիսի 18-ի նիստի օրակարգում: Նշենք, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է:

Ըստ պաշտպանության նախարարության ներկայացրած տեղեկանքի` Լեհաստանի հետ ռազմական համագործակցությունը սկսվել 2004 թ.` Վարշավայում պաշտպանության ոլորոտում համագործակցության մասին կնքված համաձայնագրով:

Վերջին տարիներին Հայաստանը ՆԱՏՕ ԳՀԽ ծրագրի շրջանակներում ակտիվ ռազմական համագործակցություն է ծավալում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ, ինչը պայմանավորված է խաղաղության ու անվտանգության պահպանման նպատակով տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության ստեղծմամբ: Այդ տեսանկյունից որոշակի քայլեր են ձեռնարկվում նաեւ Լեհաստանի Հանրապետության հետ ռազմական  հարաբերությունների հաստատման գործում: Մասնավորապես, ՀՀ Զինված ուժերի զորախումբը 2005թ. հունվարից Լեհաստանի Հանրապետության ղեկավարությամբ գործող բազմազգ դիվիզիայի կազմում մասնակցել է հետպատերազմյան Իրաքում կայունության հաստատման եւ վերականգնման գործընթացին, որի վերաբերյալ Լեհական Կողմի հետ 2004թ. դեկտեմբերի 24-ին ստորագրվել է «Իրաքի կայունացման ուժերի կազմում բազմազգ դիվիզիայի ղեկավարման եւ նման այլ հարցերի կարգավորման մասին» Փոխըմբռնման Հուշագիրը: