Շիրակի մարզում 34-ամյա Անահիտ Ս.-ն մեղադրվում է ոգելից խմիչք օգտագործած վիճակում շենքի բնակիչներին հայհոյելու եւ մուտքի դռան ապակիները կոտրելու մեջ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 34-ամյա Անահիտ Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, առանց որեւէ պատճառի, անհիմն, սեփական անձը ցուցադրելու, անառիթ վիճաբանություն ստեղծելու նպատակով, շուրջ 30 րոպե տեւողությամբ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, տվել խուլիգանական հայհոյանքներ շենքի բնակիչների հասցեին:
Բացի այդ, նա կոտրել է շենքի 3-րդ մուտքի դռան 2 ապակիները եւ վնասել ձեռքը: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ կալանքով` 1-3-ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Գործը դատարան է ստացվել հուլիսի 16-ին:Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























