Հուլիսի 16-ին Բրիտանիայի խորհրդարանը վերջնականապես հավանություն է տվել Անգլիայում եւ Ուելսում նույնասեռ ամուսնություններն օրինականացնող օրինագծին: Օրինագիծը նախապես ընդունվել էր Լորդերի պալատի կողմից, այժմ հավանություն է ստացել Համայնքների պալատում` ինչպես լեյբորիստների, այնպես էլ լիբերալ-դեմոկրատների եւ պահպանողականների կողմից: 

2012թ. նախապատրաստված օրինագծի հեղինակը Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ պահպանողականների կուսակցության առաջնորդ Դեյվիդ Քեմերոնն է: Նույնասեռ ամուսնությունները թույլատրող օրենքն ուժի մեջ մտնելու համար`  օրինագիծը պետք է արքայական հավանությանն արժանանա: Թագուհին իր համաձայնությունը կտա երկու օրվա ընթացքում, հայտնում է lenta.ru-ն:

Ըստ օրինագծի` Անգլիայի եւ Ուելսի եկեղեցիները նույնասեռ զույգերին պսակադրություն չեն կարող առաջարկել: Բացի դրանից, նոր օրենքը Շոտլանդիային եւ Հյուսիսային Իռլանդիայի վրա չի տարածվի, որոնք սեփական օրենքներն ունեն:

Մեծ Բրիտանիայում նույնասեռ առաջին ամուսնությունները կարող են տեղի ունենալ 2014թ.: