Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պաշտոնապես օրինականացրել է իր հարաբերությունները Սիլիա Ֆլորեսի հետ: Այժմ Վենեսուելան առաջին տիկին ունի: Այս մասին հայտնել է նախագահը` նախագահական պալատում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ:

Մադուրոն երկար տարիներ ապրում էր Ֆլորեսի հետ քաղաքացիական ամուսնությամբ: «Իմ կարծիքով սա իմաստուն որոշում է, թեեւ մենք հոգով առանց այդ էլ միասին էինք, սակայն այսկերպ որոշեցինք ընտանեկան կապերի ամրացման օրինակ ծառայել», - ընդգծել է Վենեսուելայի նախագահը:

Ըստ Մադուրոյի`  հարսանիքը ընտանեկան նեղ միջավայրում է կայացել`  երեխաների եւ թոռների ներկայությամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մադուրոն Սիլիա Ֆլորեսի հետ ծանոթանալու համար պարտական է նախկին նախագահ Ուգո Չավեսին: Երբ Չավեսը բանտից դուրս եկավ, Մադուրոն նրա թիկնապահը եւ անձնական վարորդն էր: Այդ ժամանակ էլ նա ծանոթացել է  Ֆլորեսի հետ, որը փաստաբան էր աշխատում եւ հասել էր Չավեսի  վաղաժամկետ ազատմանը: