ԱՄՆ Հետախուզությունների դաշնային բյուրոն արգելել է հրապարակել ծնունդով Չեչնիայից Իբրահիմ Տոդաշեւի մարմնի հերձմանը վերաբերող տվյալները: Հիշեցնենք, որ վերջինս սպանվել էր բյուրոյի գործակալներից մեկի կողմից: Այս մասին հաղորդել են Ֆլորիդայի դատաբժշկական փորձագիտության գրասենյակում:
Հերձման վերջնական արդյունքները ստացվել են հուլիսի 8-ին: Դրանց հիման վրա էլ կազմվել է պաշտոնական զեկույցը: Սակայն ՀԴԲ-ն արգելել է հրապարակել զեկույցը՝ պատճառաբանելով, որ ներկայումս գերատեսչությունում տեղի ունեցածի առթիվ ակտիվ ներքին հետաքննություն է իրականացվում, հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Լրատվամիջոցներին ուղղված նամակում փորձագետները ընդգծել են, որ նահանգի օրենսդրության համաձայն՝ չեն կարող հրապարակել հերձման տվյալները, քանի դեռ քրեական գործի շրջանակներում իրականացվող հետաքննությունը չի ավարտվել:
ՀԴԲ գործակալը 27-ամյա Տոդաշեւին սպանել է նրա՝ Օռլանդոյում գտնվող բնակարանում, մայիսի 22-ին՝ հարցաքննության ժամանակ: Ընդ որում, միջադեպի մանրամասները մինչ օրս չեն բացահայտվել: Որոշ տվյալների համաձայն՝ Տոդաշեւը դանակով հարձակվել է գործակալի վրա, մինչդեռ այլ տվյալներով՝ նա անզեն է եղել:



























