ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունները շատ ավելի կարեւոր են, քան հատուկ ծառայությունների քաշքշուքները: Այս մասին հուլիսի 17-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով Սնոուդենի գործի վերաբերյալ լրագրողների հարցին:
Նա կարծում է, որ Էդվարդ Սնոուդենի հետ կապված իրավիճակը եւ նման դեպքերը չպետք է բարդացնեն միջպետական կապերը: «Հուսով եմ՝ մեր գործընկերները հանգիստ եւ ըմբռնումով կմոտենան դրան»,-հայտարարել է նախագահը: «Միջպետական կապերն ավելի կարեւոր են հատուկ ծառայությունների քաշքշուքներից»:
«Մենք նախազգուշացրել ենք պարոն Սնոուդենին, որ նրա ցանկացած գործունեություն՝ կապված ռուս-ամերիկյան հարաբերություններին վնաս հասցնելու հետ, մեզ համար անընդունելի է»,-ընդգծել է Պուտինը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հուլիսի 16-ին պաշտոնապես Ռուսաստանից ժամանակավոր ապաստան է խնդրել՝ համապատասխան դիմումը Դաշնային միգրացիոն ծառայությանը «Շերեմետեւոյի» տարանցիկ գոտում փոխանցելով:



























