Թաիլանդի հյուսիսում, այսօր՝ հուլիսի 17-ին, ուղեւորատար գնացքը դուրս է եկել գծերից, որի արդյունքում տուժել է առնվազն 30 մարդ: Նրանց մեծ մասն օտարերկրյա զբոսաշրջիկներ են:
Ինչպես հաղորդում է KM.RU-ն, վկայակոչելով Associated Press-ը, միջադեպը տեղի է ունեցել Պհրաե նահանգի լեռնային տեղանքում: Գնացքը Բանգկոկից Չիանգմայ է ուղեւորվել: Տեղի իշխանությունները հաղորդել են, որ տասը վագոններից յոթը կողաշրջվել են:
Տուժածներից մեկը ծանր վիճակում է:
Երկաթուղու ղեկավարությունը վթարի հնարավոր պատճառ է համարում հին ռելսերը, որոնք նախատեսվում էր փոխել, հաղորդում է «Lenta.Ru»-ն: Սա երկաթուղու այս հատվածում արդեն երկրորդ վթարն է այս ամսվա ընթացքում: Հուլիսի սկզբին նույն հանգամանքներում վթարի ենթարկված գնացքի ուղեւորները չէին տուժել:



























