«Արդարացի եմ համարում Ուկրաինայի խորհրդարանում Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ահաբեկչության քննադատության նախաձեռնությունը»,-Analitika.at.ua-ին տված մեկնաբանությունում նշել է ուկրաինացի հայտնի լրագրող, պատմաբան Մաքսիմ Ռավրեբան՝ մեկնաբանելով Գերագույն Ռադայում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագծի ներկայացումը:

«Ուկրաինան ինքն իր պատմության ընթացքում տուժել է քաղաքական ահաբեկչությունից եւ պահանջել դրա միջազգային ճանաչում»,-ասել է նա:

«Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները պատմական փաստ են, որի հանդեպ միայն քննադատական վերաբերմունքն է տեղին: Սրտանց ցավակցում եմ հայ ժողովրդի ողբերգությանը»,-ընդգծել է Ռավրեբան:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայում հունիսի 6-ին գրանցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ: Նախագծի հեղինակներն են պատգամավորներ Վիլեն Շատվորյանն ու Արսեն Ավակովը:

Ուկրաինացի պատգամավորները, ինտելիգենցիայի ներկայացուցիչներ, ՀԿ-ներ ակտիվորեն հանդես են գալիս ուկրաինական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերով: