«Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» ահաբեկչական կազմակերպությունը հաստատել է, որ այդ կազմակերպությունում «համար մեկ հրամանատար հանդիսացող» Սաիդ աշ-Շիհրին զոհվել է:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ալ-Կաիդայի» հիմնադիրներից եւ ազդեցիկ ղեկավարներից մեկը սպանվել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետեւանքով՝ դեռեւս նախորդ տարվա աշնանը Եմենի արեւելքում Հադրամաուտ նահանգի իսլամիստների դեմ օպերացիայի ժամանակ: Եմենական իշխանությունները միայն այս տարվա հունվարին են պաշտոնապես հաղորդել նրա մահվան մասին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աշ-Շիհրիին Աֆղանստանում բռնել են այն բանից հետո, ինչ ամերիկացիները 2001թ աշնանը սկսել են ռազմական օպերացիա: Նա տեղափոխվել է Գուանտանամո բանտ, որտեղ 6 տարի է անցկացրել: 2007-ին նա ազատ է արձակվել եւ հայրենիքում վերականգնվել:
Սակայն, որոշ ժամանակ անց Սաուդյան Արաբիա վերադառնալուց հետո աշ-Շիհրին վերադարձել է Եմեն, որտեղ էլ հարել է «Ալ-Կաիդան Արաբական թերակղզում» կազմակերպությանը:



























