Մարտի 5-ին Մոսկվայում կայացած Միջազգային տնտեսական համաժողովում հեռանկարային ուղղություններից մեկը ճանաչվել է էլեկտրոնային առեւտրի զարգացումը։

Ինչպես հայտնում է spbit.su-ն, համաժողովը նվիրված է եղել ԱՊՀ երկրների բազմակողմ փոխգործակցությանն առնչվող հարցերի քննարկմանը։ Համաժողովում ելույթ են ունեցել ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը, ՌԴ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ե. Պրիմակովը, ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գեւորգյանը եւ այլոք։ Քննարկումների ընթացքում որոշակիացվել են հեռանկարային ինովացիոն նախագծերը։ Առանձնահատուկ նշանակություն է հատկացվել էլեկտրոնային առեւտրի համակարգերի ներդրմանը։

Էլեկտրոնային առեւտրի համակարգերի ներդրմամբ զբաղվող В2B-Center-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Բոյկոն ընդգծել է. «В2B-Center-ի փորձը ցույց է տալիս, որ էլեկտրոնային առեւտուրը ԱՊՀ երկրների ձեռնարկությունների միջեւ գործընկերային հարաբերություների զարգացման ուղին է»։

Ֆորումի շրջանակներում մասնակից ընկերությունները պարգեւատրվել են։ Միջազգային տնտեսական համաժողովը լավագույն ընկերություն է ճանաչել В2B-Center-ը։ Այդ համակարգում, 2010 թ. մարտի 1-ի տվյալներով, 33 000 ընկերություն է աշխատում, որոնցից 1000-ը ԱՊՀ երկրների ներկայացուցիչներ են։