Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը` մշտապես կանգնած լինելով նրա կողքին: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ Ելիսեյան պալատում մարտի 10-ին ունեցած հանդիպմանը:

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Փարիզից, Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու բարեկամ երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության ներկա մակարդակը: ՀՀ նախագահը ասել է, որ Հայաստանում եւ աշխարհասփյուռ հայության կողմից Ֆրանսիան ընկալվում է որպես մերձավոր բարեկամ երկիր, իսկ միջազգային հարթակում` վստահելի գործընկեր ու դաշնակից, ինչը հայ-ֆրանսիական հարաբերություններին հաղորդում է առանձնահատուկ բնույթ:

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին եւ նախագահ Սարկոզիին` Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում հետեւողական եւ սկզբունքային մոտեցման համար:

Նախագահ Սարկոզին ընդգծել է, որ Ֆրանսիայում կա անկեղծ համակրանք Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, իսկ ֆրանսահայ համայնքը բարեկամության անխախտ կամուրջ է երկու ժողովուրդների ու երկրների միջեւ: Նիկոլա Սարկոզին վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու իր երկրի մտադրությունը եւ ընդգծել, որ Ֆրանսիան եղել եւ մնում է Հայաստանի բարեկամը` մշտապես կանգնած լինելով նրա կողքին:

Ֆրանսիայի նախագահը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետության նախագահի` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերը: