Ամերիկյան Հյուսթոն քաղաքում ոստիկաններն իսկական սարսափների տուն են հայտնաբերել: Դրա տերը որպես պատանդ է պահել միանգամից 8 մարդու, որոնք բոլորն էլ թոշակառուներ են:

4 տղամարդիկ բնակվել են ավտոտնակում` առանց որեւէ հարմարությունների` մահճակալների, սեղանների: Այնտեղ եղել է ընդամենը մեկ կոտրված բազկաթոռ: Նրանք սնվել են մնացորդներով եւ ծայրահեղ հյուծված վիճակում են եղել: Ազատ արձակվածներից մեկը հայտարարել է, որ այդ պայմաններում անցկացրել է 10 տարի, հաղորդում է «Vesti.Ru»-ն:

Նախկին բանտարկյալները պատմել են, որ իրենց խաբեությամբ տուն են տարել, հետո խլել փաստաթղթերը, որոնցով սոցիալական նպաստներ եւ կենսաթոշակ են ստացել:  Ազատ արձակված տղամարդկանց տարիքը 55-80 է: Նրանցից երեքին հիվանդանոց են ուղարկել: Տղամարդկանցից մեկը վետերան է:

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են եւս 4 մարդ` տատիկ, դուստր, թոռնուհի եւ եւս մեկ կին, որոնք, ենթադրաբար տառապում են թուլամտությունից:

Այն մասին, որ ավտոտնակում մարդիկ կան, ոստիկաններին հաղորդել են հարեւանները: Մեկ կասկածյալ արդեն ձերբակալվել է, սակայն նրան առայժմ մեղադրանք չի ներկայացվել, գրում է NEWSru.com-ը: