Եկատերինբուրգի ռազմական դատարանը տուգանել է Թեյմուր Մամեդովին եւ Էլբրուս Մուսաեւին, որոնք զինծառայության ընթացքում «որոշել են ընդգծել իրենց ծառայակիցների թուլությունն ու հնազանդությունը կովկասցիների նկատմամբ»: Այս մասին հաղորդում է  Vesti.Az-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի  գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունը:

Հետաքննության տվյալներով` մեղադրյալները նախորդ տարվա օգոստոսին արթնացրել են 16 զինծառայողների, հանել են նրանց շարքից եւ սափրվելու համար նախատեսված փրփուրով նրանց մեջքին տառեր գրել, որոնց միջոցով կազմել են «Դաղստան», «Ադրբեջան», «Գյանջա» եւ «QUBA» բառերը: Այդ ամենը նկարահանվել է բջջայինների տեսախցիկներով: Լուսանկարները հետագայում կցվել են գործին` որպես ապացույց:

Մեղադրյալներին համապատասխան հոդվածներով ներկայացրած պատժամիջոցները ենթադրում են մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Ինչպես հաղորդվում է, մեղադրյալներն ընդունել են իրենց մեղքն ու ներողություն խնդրել տուժածներից: Մամեդովը տուգանվել է 100 հազար ռուբլիով, Մուսաեւը` 2 հազար ռուբլի ավելի: