Ճապոնիայում սկսվել են խորհրդարանի վերին պալատի ընտրությունները, որը երկրորդական նշանակություն ունի՝ առանցքային ստորին պլատի համեմատությամբ: Սակայն այս ընտրությունների արդյունքները կարող են հանգեցնել երկրի Սահմանադրության փոփոխությունների:

Ավելի քան 49 հազար ընտրատեղամասերը Ճապոնիայի բոլոր 47 պրեֆեկտուրաներում բացվել են առավոտյան ժամը 08:30-ին: Թեեւ խորհրդարանի վերին պալատը վճռորոշ նշանակություն չունի, սակայն այստեղ ընդդիմության ուժեղ դիրքերը որոշ չափով սահմանափակում է իշխող Լիբերալ դեմոկրատական կուսակցության հնարավորությունները, որը ճնշող մեծամասնություն ունի ստորին պալատում, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Բացարձակ մեծամասնություն ստանալու դեպքում, իշխող կոալիցիան, որում ընդգրկված են Լիբերալ դեմոկրատական կուսակցությունն ու Նոր Կոմեյտոն, սահմանադրական մեծամասնություն կձեւավորեն երկու պալատներում: Դա թույլ կտա օրակարգ բերել երկրի Սահմանադրությունում փոփոխությունների հարցը, ինչը Ճապոնիայի հետպատերազման պատմության ընթացքում չի եղել: