Ճապոնիայում Լիբերալ-դեմոկրատական եւ «Կոմեյտո» կուսակցությունների դաշինքը խորհրդարանի վերին պալատում ստացել է ձայների մեծամասնությունը: Կիրակի օրն ավարտված ընտրությունների տվյալով` դաշինքը ստացել է 242 տեղերից 135-ը: Արդյունքները հրապարակվել են ընտրությունների պաշտոնական կայքում:
Խորհրդականների պալատի ընտրությունները երեք տարին մեկ են անցկացվում, վերընտրման ենթակա էր 242 պատգամավորների կեսը, որոնք ընտրվում են վեց տարով:
Այս ընտրությունների 121 մանդատների համար ինը կուսակցություններից 433 թեկնածուներ էին պայքարում:
Լիբերալ-դեմոկրատական եւ «Կոմեյտո» կուսակցությունների իշխող կոալիցիան կարողացել է վերին պալատում 76 տեղ ստանալ, որը, հավելվելով այս տարի վերընտրման ոչ ենթակա 59 պատգամավորական մանդատներին, ապահովում է 135 տեղ` մեծամասնության համար անհրաժեշտ քանակից 14 տեղով ավելի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը 65 տեղ է ստացել, «Կոմեյտո»-ն` 11: Ճապոնիայի ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունը 17 տեղ է ստացել: «Բոլորի կուսակցությունը» եւ Կոմունիստական կուսակցությունը, «Ճապոնիայի վերականգնման ասոցիացիան» ութական տեղ են ստացել, սոցիալիստական կուսակցությունը` մեկ, անկախ թեկնածուները` երեք: Ընդդիմությունն այժմ վերին պալատում 107 մանդատ ունի:




























