Պորտուգալիայի նախագահ Անիբալ Կավակո Սիլվան կիրակի օրը որոշել է վարչապետ Պեդրու Պասուշա Կոելյուի կոալիցիոն կառավարությունը պահպանել մինչեւ դրա մանդատի ժամկետի լրանալը` 2015 թվականը: «Կարծում եմ` այս քայլը ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն էր», - հեռուստաեթերից հայտարարել է նա: Այդկերպ Սիլվան չի ընդունել կառավարությունը ցրելու ձախերի առաջարկը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ նախագահի` կառավարությունը կարող է հաղթահարել ֆինանսական ու քաղաքական ճգնաժամը, որը վերջին տարիներին հաստատվել է երկրում: «Կարծում եմ` այս պայմաններում արտահերթ ընտրությունները հարցի լուծում չեն», - ասել է նա:

 «Պետք է եվրոպացի գործընկերներին համոզել, որ Պորտուգալիան կառավարելի երկիր է», - նշել է նախագահը:

Կավակո Սիլվան նաեւ հայտարարել է, որ առաջիկայում կառավարությունը խորհրդարանում կներկայացնի վստահության հարցը ու իր գործողությունների ծրագիրը կներկայացնի: