Մյանմարի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մանդալաեում 5 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել  զանգվածային հակաիսլամական հանրահավաքի եւ հայտնի բուդդիստ կուսակրոն Վիրաթուի քարոզի ժամանակ տեղի ունեցած պայթյունի արդյունքում, հաղորդում է Թաիլանդի ցամաքային զորքերի ռադիոկայանը:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: Ինչպես ռադիոկայանն է հաղորդում, կուսակրոնը հավաքվածներին պատմել է, որ երկրի խորհրդարանին է ներկայացրել օրինագիծ, որով կարգելվեն միջկրոնական ամուսնությունները: Դրա նպատակն այն է, որպեսզի արգելվեն բուդդիստ կանանց եւ մահմեդական տղամարդկանց ամուսնությունները:

Մյանմարում արդեն վաղուց գոյություն ունեցող հակամահմեդական շարժումը, որը ներկայումս  կրում է «969» անվանումը եւ ղեկավարվում է կուսակրոն Վիաթուի կողմից, պնդում է, որ «մահմեդականները բուդդիստ կանանց գայթակղում են գումարով եւ ոսկով, ստիպում են ամուսնանալ եւ դավանափոխ լինել, ինչի արդյունքում հասարակությունը վերածվում է մահմեդականների»:

Կառավարական տվյալների համաձայն՝ մահմեդականները կազմում են երկրի բնակչության 5 տոկոսը: