Երկուշաբթի առավոտյան Մոսուլ քաղաքում մահապարտ-ահաբեկչի կողմից իրականացրած ահաբեկչության արդյունքում զոհվել է առնվազն 25 մարդ, հաղորդում է Reuters գործակալությունը:

Չարագործի նպատակը ռազմական պահակախումբն է եղել: Ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչը վարել է ավտոմեքենա, որում տեղադրված է եղել հզոր պայթուցիկ սարք: Հավասարվելով պահակախմբին՝ նա գործի է դրել սարքը:

 «Ահաբեկիչը հետեւել է պահակախմբին, եւ երբ վերջինս կանգ է առել, նա պայթեցրել է իրեն»,-գործակալությանն է հաղորդել ոստիկանության աշխատակիցը, ով աշխատել է դեպքի վայրում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Առայժմ որեւէ կազմակերպություն ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

Տարեսկզբից ի վեր՝ Իրաքում ահաբեկչությունների արդյունքում զոհվել է ավելի քան 2,8 հազար մարդ, հավելում է գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանությունները: Հուլիսին ահաբեկչական գրոհների զոհ է դարձել ավելի քան 550 մարդ: