Շվեդական խորհրդարանը այսօր` մարտի 11-ին պատրաստվում է քվեարկության դնել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը:

Գերմանական DeutscheWelle-ի փոխանցմամբ` Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը առաջարկել է չընդունել օրինագիծը: Հիշյալ օրինագիծը պատրաստվել է 15 տարբեր կուսակցությունների պատգամավորների կողմից: Իսկ օրինագծում բացի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունից, դատապարտվում են նաեւ այլ ժողովուրդների դեմ իրականացրած ցեղասպանությունները:

Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը նախորդ տարիներին էլ է ներկայացվել, սակայն ամեն անգամ մերժվել է: Այս անգամ դրությունը մի քիչ այլ է: Նախկինում սոցիալ-դեմոկրատները այս նախագծին դեմ էին քվեարկում, իսկ 2009-ի նոյեմբերին կուսակցության ներսում այն ձայների մեծամասնությամբ հավանության արժանացավ:

Երեք ձախ կուսակցությունների դաշինքը, պատրաստել է Շվեդիայի արտաքին քաղաքականության հայեցակարգ, որը կլինի այընտրանք իշխանությունների արտաքին քաղաքականությանը: Ձախերի հենց այդ քաղաքականության մեջ է մտնում Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Շվեդիայի խորհրդարանում իշխանությունը ներկայացնում է 178, իսկ ձախերի դաշինքը` 171 պատգամավոր: Այսինքն, եթե իշխանական կուսակցությունները դեմ քվեարկեն` օրինագիծը հանգիստ մերժվում է: Սակայն, օրինագիծը պատրաստած 15 պատգամավորներից 3-ը` իշխանական կուսակցություններից են: Այսինքն, եթե այդ երեք իշխանական պատգամավորներին միանա եւս մեկ կամ ավել իշխանական կուսակցությունների պատգամավոր` ձախերի առաջարկած օրինագիծը անցնում է:

Նշենք, որ Շվեդիայի թուրքական կազմեկերպությունների ներկայացուցիչները ընդդեմ այս օրինագծի հավաքել են 5 հազար ստորագրություն:

Մեկ ամիս առաջ Շվեդիա ժամանած Թուրքիայի խորհրդարանական պատվիրակությունը եւս զգուշացրել էր շվեդ պատգամավորներին, որ Ցեղասպանության օրինագծի ընդունումը կվնասի թուրք-շվեդական հարաբերություններին: