Տարօրինակ զուգադիպությամբ, այս օրերին, երբ Ֆրանսիա է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, Փարիզում է գտնվում նաեւ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Վերջինս նշեց, որ այցը կրել է մասնավոր բնույթ, իսկ Փարիզում Ռոբերտ Քոչարյանը մարտի 9-ին հանդիպել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի հետ:
Հարցին՝ Ֆրանսիայի նախկին եւ ներկա պաշտոնյաներից միայն Շիրակի՞ հետ է հանդիպել Քոչարյանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Շիրակի հետ հանդիպումը հաստատում եմ, այլ հանդիպումներից տեղեկություններ չունեմ»:
Ի դեպ, գրասենյակի ղեկավարն այդպես էլ անպատասխան թողեց հարցը՝ արդյո՞ք այս պահին էլ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է Փարիզում, թե հեռացել է Ֆրանսիայից:
Նշենք, որ մարտի 9-ին եռօրյա այցով Փարիզ է մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ այլ պաշտոնյաների հետ:



























