Այսօր Երեւան է ժամանել Սերբիայի հանրապետության նախագահ Բորիս Տադիչը: Տադիչի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնազրույցից հետո նախագահները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ հայ եւ սերբ ժողովուրդների միջեւ դարեր շարունակ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել: «Սերբիան այն երկիրն է, որ սրտաբաց ընդունել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից եւ մասնավորապես 1922թ. Իզմիրի ջարդերից փրկված բազմաթիվ հայերի: Մեր ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում նաեւ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո սերբ բարեկամ ժողովրդի անուրանալի նյութական եւ հոգեւոր աջակցությունը։ Մենք հավերժ վառ կպահենք մարդասիրական օգնություն տեղափոխող սերբ օդաչուների հիշատակը, որ զոհվեցին հանուն վեհ նպատակի՝ օրհասական պահին ձեռք մեկնելով բարեկամ ժողովրդին»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել, թե Սերբիայի նախագահի հետ քննարկել է հայ-սերբական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները:

Սերժ Սարգսյանը նաեւ նշել է, որ Տադիչի հետ հանգել են միեւնույն եզրակացության, որ տարածաշրջանային հակամարտությունները պետք է կարգավորվեն առանց ուժի կիրառման եւ բացառապես խաղաղ ճանապարհով ու բանակցությունների միջոցով` միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի համաձայն:

Սերժ Սարգսյանը Բորիս Տադիչին պատմել է հայ-թուրքական հարբերությունների կարգավորմանն ուղղված իր նախաձեռնությանը հետեւած զարգացումների մանրամասները: «Տեղեկացրեցի այդ գործընթացի ներկա փուլի մանրամասների մասին: Դուք գիտեք, որ Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան խաղին քիչ ժամանակ է մնացել, որին մասնակցելու հրավեր ունեմ Թուրքիայի նախագահ պարոն Գյուլից: Ներկա իրողությունների պայմաններում, անշուշտ, մենք ակնկալում ենք շուտով ականատեսը լինել կառուցողական քայլերի, որոնցով մեր գործընկերները կփորձեն համապատասխան միջավայր ապահովել Հայաստանի նախագահի պատասխան այցի համար»,- մանրամասնել է Սերժ Սարգսյանն ու հավելել. «Ես կրկնել եմ իմ նախկին հայտարարությունները, համաձայն որոնց կընդունեմ արված հրավերը միայն ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, իրական քայլերի տեսանելիության դեպքում, այսինքն Թուրքիա կմեկնեմ, եթե արդեն իսկ ունենանք բաց սահման կամ գտնվենք Հայաստանի ապաշրջափակման նախաշեմին»: