Սերբիայում գուծող «Միկրորեմ» ՍՊԸ-ն հետաքրքրված է հայկական շուկայով: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ընկերության ղեկավար Բրատիսլավ Դյելոշեւիչը: Ընկերությունն արդեն ունի արտահանելու փորձ. իր էլեկտրական չափիչ սարքերն արտահանել է Ռուսաստան, Մոլդովա, Ադրբեջան, ինչպես նաեւ Արեւմտյան Եվրոպա:
Նախկին ԽՍՀՄ-ի իր գործընկերների պատմությանը Դյելոշեւիչը ծանոթ է. նախկին Հարավսլավիայի ճարտարագետների հետ շատ ընդհանրություններ կան:
«Չաչակ քաղաքում, որտեղ գտնվում է մեր ընկերությունը, Հարավսլավիայի փլուզումից առաջ եղել է մի քանի՝ մեր չափանիշներով խոշոր արտադրություն (500 - 3000 մարդ), որոնք զբաղվել են էլեկտրատեխնիկայի արտադրությամբ: Ոչ այդքան խոշոր մի ընկերություն, «Elektronika Monting», որտեղ պատիվ եմ ունեցել աշխատել որպես էլեկտրոնիկայի ճարտարագետ, արտադրում էր Հարավսլավիայում առաջին տնային անհատական համակարգիչները», – նշել է սերբ մասնագետը:
1992 թ. նա մի քանի գործընկերների հետ հիմնել է «Միկրորեմ» ընկերությունը՝ արտադրելու չափիչ եւ ստուգիչ սարքեր արդյունաբերական կարիքների համար (ջերմաստիճանի, ճնշման եւ խոնավության կարգավորիչներ, հաշվիչներ եւ այլն)՝ միկրոպրոցեսորային հենքի վրա:
«Սերբիայից եւս 1991 թվականից հետո, արտագաղթել են պրոֆեսիոնալները: Թե՛ դա, թե՛ մի շարք տնտեսական խնդիրներ՝ պատերազմի ժամանակ եւ դրանից հետո, նվազեցրել են կադրային բազան: Բայց մենք տեղում չենք դոփում», – հավելել է Բ. Դյելոշեւիչը:
Ինչ վերաբերում է բաղադրամասերին, ապա ողջ էլեկտրոնիկան՝ ինչպես Սերբիայում, այնպես էլ Հայաստանում, պետք է ներմուծել (ներառյալ չիպերը, միկրոպրոցեսորները, օպտոէլեկտրոնիկան, ֆերիտները եւ այլն): Սակայն Սերբիայում, ինչպես Հայաստանում, պահպանվել են տպասալերի, մետաղական եւ պլաստմասայե կորպուսների արտադրությունները: «Մենք ինքներս ենք նախագծում մեր սարքավորումներն ու դրանց ծրագրային ապահովումը: Իսկ 2012 թ. մեզ հաջողվեց ստանալ ISO9001:2008», - հավելեց նա:
Ինչպես հայ, այնպես էլ սերբ արտադրողները ստիպված են մրցակցել չինական արտադրանքի հետ: «Գնային մրցակցությունում քիչ թե շատ հաջողակ լինելու համար անհրաժեշտ են կայուն շուկաներ եւ պատվերների մեծ քանակ: Մեզ օգնում է այն հանգամանքը, որ այստեղ եկող չինական ապրանքի որակը սովորաբար այդքան էլ բարձր չէ: Սրանից բացի, անհատական պատվերների դեպքում միշտ անհրաժեշտ է լինում անհատական նախագծում», – նշեց «Միկրորեմի» տնօրենը:
Երկու երկրները համանման ուղի են անցնում նաեւ տեղական օրենսդրությունը Եվրամիության ստանդարտներին ներդաշնակեցնելիս: 2013 թ. ԵՄ-ի խորհրդատվական խումբը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը տեխնիկական օժանդակություն է մատուցել Էլեկտրամագնիսական համատեղելիության ստանդարտների ընտանիքի (EMC) եւ նույնանուն՝ 2004/108 դիրեկտիվի ոլորտում: Սերբիայում, բացի դրանից, նախատեսվում է ներդաշնակեցնել երկու այլ դիրեկտիվ՝ 2002/95 (RoHS), որն արգելում է էլեկտրատեխնիկական արտադրանքի մեջ օգտագործել մի շարք վտանգավոր նյութեր, եւ LVD (2006/95)՝ արտադրանքի վոլտաժի սահմանափակման եւ սպառողների համար անվտանգության մասին:





























