Կոլումբիայի եւ Վենեսուելայի նախագահները պայմանավորվել են, որ համատեղ աշխատելու են երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Այդ երկրների միջեւ հարաբերությունների լարվածությունը ծագել էր նրանից, որ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսը մայիսին համաձայնել էր Բոգոտայում հանդիպել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Էնրիկե Կապրիլեսի հետ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կապրիլեսին աջակցություն էր պետք ապրիլի ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, որոնց ժամանակ ինքը մի փոքր էր հետ մնացել Վենեսուելայի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոյից: Վենեսուելայի սահմանամերձ քաղաքներից մեկում հանդիպման ժամանակ նախագահներ Սանտոսը եւ Մադուրոն որոշել էին բարձրաստիճան պաշտոնյաներից աշխատանքային խմբեր ստեղծել` անվտանգության եւ առեւտրի հարցերը քննարկելու համար:





























