Պարբերաբար չնախաճաշող  տղամարդիկ գտնվում են  սրտի նոպաների եւ սրտային մահացու ելքով հիվանդությունների զարգացման բարձր ռիսկային խմբում, հաստատել են ԱՄՆ-ի գիտնականները:

Հարվարդի առողջապահական դպրոցի գիտնականները վերլուծել են առողջապահության ոլորտում աշխատող 45-82 տարեկան 27 հազար մարդու սննդի ընդունման  հաճախականության 16 տարվա տվյալները (1992 -2008 թթ.)։ Ուսումնասիրության ընթացքում  1,5 հազարից ավելի մարդկանց մոտ առաջին անգամ նկատվել են սրտի հետ կապված խնդիրներ: 

Պարզվել է, որ հաճախ առանց նախաճաշի մնացած տղամարդկանց մոտ սրտի կաթվածի եւ սրտի իշեմիկ հիվանդության հետեւանքով մահվան վտանգը 27%-ով բարձր է եղել պարտադիր նախաճաշողների համեմատ։ Բացի դրանից, չնախաճաշողները մեծամասամբ երիտասարդ են, ծխող, ամուրի, աշխատում են լրիվ դրույքով, ֆիզիկապես քիչ են ակտիվ եւ շատ ալկոհոլ են օգտագործում, ասում են հեղինակները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուշ սնվելը նույնպես վնասում է սրտին, հիշեցնում են գիտնականները: Այսպես,  ուշ գիշերը սնվող տղամարդկանց մոտ 55%-ով ավելի մեծ է եղել սրտի իշեմիկ հիվանդություն ստանալու հավանականությունը: