Վենեսուելայի Մերիդա քաղաքում տեղադրվելու է Ուգո Չավեսի բրոնզաձույլ առաջին արձանը` ամբողջ հասակով: Այս մասին հայտնել են քաղաքի իշխանությունները: Տեղի քանդակագործ Մանուել Սուեսկունի պատրաստած բրոնզաձույլ արձանը տեղադրվելու է համանուն նահանգի վարչական կենտրոն Մերիդայի կենտրոնական պողոտայում:
Քանդակագործը կոմանդանտե Չավեսին կերտել է զինվորական համազգեստով եւ դեսանտայինի ավանդական գլխարկով, կրծքավանդակը զարդարում է նախագահական ժապավենը: «Առաջնորդի աջ ձեռքը կրծքին է դրված, իսկ ձախով ցույց է տալիս հեռուն, նրա դեմքը մտածկոտ է», - տեղի լրագրողներին հայտնել է Մանուել Սուեսկունը:
Չավեսի հուշարձանի տեղադրման գաղափարը Մերիդա նահանգի առողջապահության վարչության աշխատակիցներինն է, հայտնել է այդ գերատեսչության ղեկավար Դենիս Գոմեսը: Իր հերթին АВН տեղեկատվական գործակալությունն ընդգծում է, որ դա կլինի Վենեսուելայում Բոլիվարյան հեղափոխության առաջնորդին ամբողջ հասակով պատկերող առաջին արձանը։ Չավեսը հուլիսի 28-ին կդառնար 59 տարեկան, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Վենեսուելայում 14 տարի ղեկավարած Ուգո Չավեսը մահացել է այս տարվա մարտի 5-ին` երկարատեւ ծանր հիվանդությունից հետո: Սկզբնապես տեղի բնակիչները հայտնել էին, որ նրա մարմինը զմռսվելու է եւ ցուցադրվելու դամբարանում, սակայն ավելի ուշ վճռվել էր Չավեսին հուղարկավորել մայրաքաղաքի Հեղափոխության թանգարանում:





























