Անգլիական Heptares Therapeutics ընկերության գիտնականները «դժբախտության մոլեկուլն» են գտել մարդու գլխուղեղում, որը նպաստում է սթրեսի, անհանգստության եւ դեպրեսիայի զարգացմանը, հայտնում է MedikForum. ru-ն։ Գիտնականները մտադիր են Այդ մոլեկուլի ազդեցությունն արգելափակող դեղամիջոց ստեղծել։
«Դժբախտության մոլեկուլ» են անվանել CRF1 սպիտակուցը, որը նպաստում է սթրեսի հետ կապված հորմոնների արտազատմանը։ Բացահայտումը կատարվել է Diamond Light Source ռենտգենային սարքի միջոցով։
«Սթրեսի հետ կապված հիվանդությունները թունավորում են յուրաքանչյուրի կյանքը, բայց մարդկանց մեծամասնությունը չի գիտակցում, որ այդ վիճակը վերահսկվում է ուղեղի սպիտակուցներով, որոնցից մեկն էլ CRF1-ն է», - ասում է հետազոտության հեղինակ Ֆիոնա Մարշալը։ Ի թիվս այլոց, սպիտակուցը սթրեսային մոլեկուլներ է հայտնաբերում հիպոտալամուսում՝ գլխուղեղի հատվածում, որը վերահսկում է ջերմաստիճանը, քաղցը եւ տրամադրությունը։ Կցվելով նման մոլեկուլների՝ այն սթրեսային հորմոնների արտազատում է հրահրում։





























