ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմամբ Հայաստանն էական առաջընթաց չի ունեցել։ Նման կարծիք նա հայտնեց մարտի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշելով, որ քարոզչական տեսանկյունից մարտի 4-ը կաեւոր էր, նա միեւնույն ժամանակ ավելացրեց, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացը ողջ աշխարհի համար այլեւս իրողություն է, պատմության գիրկն անցած փաստ։ Նրա կարծիքով, ցեղասպանվածի հոգեբանությունը մեզանից անբաժան է, ինչն էլ պատճառ է հանդիսանում, որ կանգնած մնանք «ստարտային դիրքերում»։ «Մենք սխալ ուղու վրա ենք. Ցեղասպանությունը վաղուց ճանաչվել է միջազգային հանրության կողմից, հետեւաբար պետք է աշխատել այն ուղղությամբ, որպեսզի „ճանաչում“ ձեւակերպումը փոխարինվի „հետեւանքների վերացում եւ փոխհատուցում“ ձեւակերպմամբ»,- ընդգծեց Աշոտ Մելքոնյանը՝ հավելելով, որ ԱՄՆ եւս ճանաչել է պատմական իրողությունը. «Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ԱՄՆ 42 նահանգները, այդ բառն արտասանել է ԱՄՆ նախագահներից Ռոնալդ Ռեյգանը, մինչեւ նախագահ դառնալը՝ նաեւ Բարակ Օբաման, այդ եզրույթն արդեն քանի տարի է՝ օգտագործում է ամերիկյան „Նյու Յորք թայմս“ հեղինակավոր պարբերականը»,- նշեց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե որքա՞ն է հավանականությունը, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը մուտք կգործի ԱՄՆ Կոնգրեսի լիագումար նիստ, Պատմության ինստիտուտի տնօրենը նկատեց, որ ինքը դրա հավանականությունը փոքր է գնահատում. «Եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ բանաձեւը կհայտնվի Կոնգրեսի լիագումար նիստում, միեւնույնն է, այլ առաջընթաց չի ունենա»,- համոզմունք հայտնեց Աշոտ Մելքոնյանը։

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ կլինի, եթե ԱՄՆ, այնուամենայնիվ, անտեսի Թուրքիայի սպառնալիքները եւ Կոնգրեսի մակարդակով ճանաչի Հայոց ցեղասպանությունը, նա նշեց, որ ճիշտ է, դրանից թուրք-ամերիկյան հարաբերությունները ժամանակավորապես կսառեն, սակայն էական ոչ մի բան չի փոխվի. «2000-2001թթ. Թուրքիան Ֆրանսիային էլ սպառնում էր „Միրաժ“ տիպի ռազմական օդանավեր չգնել նրանից, սակայն 6 ամիս անց գնեց դրանք եւ հարաբերություններն էլ լավացրեց այդ երկրի հետ»,- ամփոփեց պատմանբանը։