Բելգիայի նոր թագավոր Ֆիլիպը որոշել է իր գահակալման առթիվ բանտարկյալների զանգվածային ներում չհայտարարել, հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Ալբերտ Երկրորդ արքան գահը լքել է կիրակի օրը՝ այն զիջելով որդուն՝ 53-ամյա արքայազն Ֆիլիպին, որը Բելգիայի թվով յոթերորդ միապետն է:
79-ամյա արքան գահից հեռանալու պատճառ է նշել իր առողջական վիճակը:
Վերջին անգամ դատապարտյալների ոչ ավելի, քան 6 ամսով դատապարտվածների «զանգվածային ներում» հայտարարվել էր 1993թ.՝ բելգիացի միապետ Բոդուենի կողմից, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Սահմանադրական իրավունքի պրոֆեսոր Էմանուել Վանդերբոշի խոսքով՝ թագավորական ներումը՝ անհատական կամ զանգվածային, հակասում է միջազգային իրավունքին, ըստ որի՝ միայն դատական իշխանությունն է իրավասու օրենքը խախտածների նկատմամբ վճիռ կայացնելու:
2012թ. Ալբերտ Երկրորդը 96 դատապարտյալների էր ներում շնորհել: Բելգիայում միապետը պաշտոնապես պետության ղեկավարն է, բայց իրական իշխանությունը վարչապետի ձեռքում է:





























