Եվրամիության եւ Սեւ ու Կասպից ծովերի ափամերձ պետությունների եւ դրանց հարեւանների հետ էներգետիկ համագործակցության ծրագրի տեխնիկական քարտուղարությունն ու Հայաստանի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել՝ վիճակագրության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այս մասին հաղորդել է ԵՄ Հարեւանության Ինֆոկենտրոնը:

Փաստաթուղթը նախատեսում է Հայաստանի համար էներգետիկ վիճակագրության վերաբերյալ գործողությունների ծրագրի մշակում եւ ընդունում, ինչը թույլ կտա գնահատել ընթացիկ իրավական եւ ինստիտուցիոնալ բազան, բացահայտել բացթողումներն ու թերությունները, որոնք առկա են վիճակագրության գործող համակարգում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Էներգետիկայի հավաստի, ժամանակակից, հստակ, հասանելի եւ համատեղելի վիճակագրություն՝ սրանք են այն պարտադիր պայմանները, որոնք անհրաժեշտ են համաձայնեցված ազգային էներգետիկ հայեցակարգեր, ռազմավարություններ եւ ծրագրեր մշակելու համար: Դրանք կնպաստեն էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, էներգետիկայի ոլորտում ներդրումների ավելացմանը, կթեթեւացնեն ծրագրումն ու առեւտուրը, կնպաստեն ջերմոցային գազերի արտանետմանը հետեւելուն»,-ասվում է ԻՆՈԳԵՅԹ-ի մամուլի հաղորդագրությունում:

ԻՆՈԳԵՅԹ-ի տեխնիկական աջակցության առաջին առաքելությունը Հայաստան կուղեւորվի 2013թ վերջին եռամսյակին, որպեսզի մեկնարկի էներգետիկ վիճակագրության վերաբերյալ գործողությունների նոր ծրագիրը: